Երևանում ավարտվեց Հայաստանում «Ռոլան Բիկով» հիմնադրամի կազմակերպած մանկապատանեկան ֆիլմերի յոթերորդ միջազգային փառատոնը, որի ընթացքում ներկայացվեց 35 երկրի 98 ֆիլմ, հյուրընկալվեցին 15 երկրից ժամանած 35 մասնակիցներ:
Այս տարի փառատոնը ներկայացավ նոր ծրագրերով: UNICEF-ի հայաստանյան գրասենյակը ներկայացրեց «Ամեն ինչ երեխաների կողմից» և «Երեխան պետք է ապրի ընտանիքում» ծրագրերը: Նոր ծրագրերի թվում են «Ճապոնիայի օր Հայաստանում» և «Դու մենակ չես, միասին կհաղթենք» ծրագիրը, որի շրջանակներում Ռուսաստանի վաստակավոր բժիշկ Վլադիմիր Կոզլովն իրականացրեց անվճար վիրահատություններ և բուժզննումներ:
Փառատոնն ուներ նաև բարեկամական շեշտադրում: Հայաստանից, Վրաստանից և Թուրքիայից 3-ական երեխա մասնակցեց վարպետության դասընթացի, և նկարահանեցին 2 անիմացիոն ֆիլմ: Սույն նախագծին աջակցել է ԱՄՆ-ի ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագիրը:
«Թեև ֆիլմն անհասկանալի էր և, իմ կարծիքով, դժվար էր ըմբռնել, թե ինչ են ուզում ասել երեխաները, այնուհանդերձ, գաղափարը ողջունելի է»,- մեզ հետ զրույցում ասաց UNICEF-ի ներկայացուցիչ Էմիլ Սահակյանը:- Փորձ է արվում երեք երկրների երեխաներին ծանոթացնելու միմյանց մշակույթների հետ, տրամադրելու հարթակ, որտեղ նրանք հանդուրժողականության, ինչու ոչ, նաև ընկերության եզրեր կգտնեն և կհասկանան, որ մշակութային երկխոսությամբ ու համագործակցությամբ կարելի է ավելի շատ բան նվաճել»: Նշենք նաև, որ փառատոնի հյուրերը շրջել են Հայաստանի տեսարժան վայրերով, թուրք երեխաներն այցելել են Ծիծեռնակաբերդ:
Փառատոնի ավարտին հաջորդելիք քառասուն օրում ֆիլմերի ցուցադրությունները կշարունակվեն Հայաստանի մարզերում:
Փառատոնի Գրան պրին ստացավ «7 կամ ինչո՞ւ եմ ես ապրում» գերմանական ֆիլմը, որն արժանացել է նաև «Ես իրավունք ունեմ» անվանակարգի մեծահասակների ժյուրիի մրցանակին:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ